Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավլռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտեր, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչը միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1907թ.
Դսեղ

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։
հանդ-արտ, դաշտ, արոտավայր
վերջալույս-երեկո, մայրամուտ
մակաղած-որ ուժեղ քամուն ոչխարները իրար են քիփ կպնում
ոսկեգեղմ-ոսկեգանգուր
խարտյաշ-դեղնահեր
ջինջ-մաքուր, վճիտ
ուշագրավ-հետաքրքրական,ուշադրություն գրավող
լռիկ-ձայն ու ծպտուն չհանող
անդուլ-դադար չունեցող
հաղմնածեծ-հողմից ծեծված
հուժկու-շատ ուժեղ
սաստկացավ-ուժեղացավ
խուժեց-մտնել

Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

լեռնային աղբյուր, զանգակ աղբյուրներ, դարավոր կաղնիներ, ջինջ աչուկներ։
Լեռնային աղբյուրը շառաչով իջնում էր։
Զանգակ աղբյուրները ողողում էին սարի լանջը։
Արծիվը թռչում էր դարավոր կաղնիների վրայով։
Եղնիկը ջինջ աչուկներով նայում էր դեպի խոր անտառը։

Բացատրի՛ր տրված արտահայությունները։

Աչքերը կայծակին էին տալիս-աչքերը փայլում էին

նետի պես ծլկել-արագ փախչել

քամի գիշեր-փոթորիկ

Տեքստից առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող հատվածները։
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

Բնութագրի՛ր եղնիկին։
Այս պատմվածքում եղնիկը մտախոհ էր, տխուր և կարոտած։

Տեքստից առանձնացրո՛ւ աշնանային անտառի նկարագրությունը։
Անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

Շարունակի՛ր պատմությունը։ Իսկ հետո ի՞նչ եղավ։
Եղնիկը փախավ անտառ, այնտեղ հանդիպեց իր ընկերներին և շատ ուրախացավ։ Նա հասկացավ, որ դա է իր աշխարհը։ Այդ օրվանից նա ապրում էր շատ ուրախ։ Իսկ մարդիկ հասակացան, որ եղնիկի տեղը անտառում է, այլ ոչ թե տանը։

Եղնիկը

Շարունակի՛ր պատմությունը։ Իսկ հետո ի՞նչ եղավ։
Եղնիկը փախավ անտառ, այնտեղ հանդիպեց իր ընկերներին և շատ ուրախացավ։ Նա հասկացավ, որ դա է իր աշխարհը։ Այդ օրվանից նա ապրում էր շատ ուրախ։ Իսկ մարդիկ հասակացան, որ եղնիկի տեղը անտառում է, այլ ոչ թե տանը։