Վահագն Վիշապաքաղ

Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

1. Երկնել – ծնել, ստեղծել։
2. Ծիրանի – ծիրանագույն, ոսկեգույն։
3. Խարտյաշ – շիկահեր։
4. Հուր – կրակ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։

Պատասխանել հարցերը ՝

  • Ո՞վ էր Վահագնը։Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։ Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով։

Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում։

Վահագնը հին հայերի ամենասիրված աստվածներից էր։ Նա հայոց գերագույն աստված Արամազդի և Անահիտի հետ հայ դիցարանում կազմում էր սրբազան երրորդություն։ Վահագնի տաճարը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանում։ Նրա հարսնացուն համարվել է Աստղիկ դիցուհին։ Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով։

Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող  հրեղեն մորուք ու մազեր, արեգակունք աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *